Բեգոնիա

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 24, 2011 20:58

Բեգոնիան պատկանում է բեգոնիաների ընտանիքին: Հայրենիքը Արևադարձային Աֆրիկան է, Հարավային Ամերիկան, Արևելյան Հնդկաստանը և Ճավա կղզին:

Բեգոնիան հայտնի է բազմաթիվ տեսակներով՝ դրանք մոտ 900 տեսակի են, բայց բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պալարավորների,  մշտադալար թփանմանների և գեղազարդ տերևավորների:

Այս երեք տեսակներն էլ տնային պայմաններում աճեցվում են, սակայն բնակարանային պայմաններում ամենալայնը տարածված են թփանման բեգոնիաները, որոնք բոլորն էլ լավ աճում և ծաղկում են ձմռան ընթացքում:

Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ  կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները  տարբեր տեսակների մոտ  կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Մեր մոտ բեգոնիաների տեսակներից շատ հայտնի է բեգոնիա ռեքս տեսակը, որը թեպետ ձմռան ընթացքում զրկվում է  տերևների մի մասից, բայց տարվա ընթացքում այնքան գեղեցիկ ու փարթամ տեսք ունի, որ այդ թերությունը չի նկատվում:  Այն սրտաձև տերևներ ունի, որի մեծությունը կարող է անցնել 20սմ.-ից:  Ծաղիկները անփայլ վարդագույն են և ծաղկակոթուններից բույլով կախվում են:

Բեգոնիան կարելի է առատ ջրել ամռանը, իսկ աշնանը սկսվում է բեգոնիաների հանգստի շրջանը: Այդ ժամանակ պետք է պակասեցնել ջրելը, իսկ  ձմռանը ավելի սակավեցնել: Սակայն ջրելու ընթացքը պետք է դանդաղ քչացնել, որպեսզի հողը շատ չչորանա:

Բեգոնիան ջերմասեր բույս է: Ամռանը կարելի է  դուրս հանել, սակայն այն պաշտպանված պետք է  լինի  քամուց: Սենյակը, որտեղ դրված է բույսը, ջերմաստիճանը չպետք ցածր լինի 20 աստիճանից, իսկ  ձմռանը՝ 15 աստիճանից:

Ամռանը գեղազարդ տերևներով բեգոնիաներին պետք է պահել բնակարանի ստվերոտ մասերում, որպեսզի արևից տերևները չայրվեն: Բեգոնիան  սիրում է թարմ օդ, սակայն միջանցիկ քամիները շատ վնասակար են: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս լավ չեն բույսի համար:

Բույսը  պետք է տեղափոխել միայն անհրաժեշտության դեպքում:  Այն բազմանում է ցողունային  և տերևային կտրոնների միջոցով:

Բեգոնիա անունը կոչվել է ի հիշատակ ծաղկասեր և ծաղկաբույսեր հավաքող Մ.Բեգոնիայի ազգանունով:

Դիտվել է 3791 անգամ:
Print Friendly

Leave a Reply