ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԳՈՆԵ ՄԵԿՆ ԱՐԴՅՈՔ ԿԱՍԻ` ՊԱՊԻ, ԴՈՒ ՃԻՇՏ ՉԵՍ

ԷՍՍԵ | | March 19, 2011 22:17

1991 թվականից լուսաբանելով Հայաստանի քաղաքական կյանքը` տեսել եմ դիրքորոշումների եւ գաղափարների 180 աստիճանով շրջադարձեր, ուստի կասկածով ու փոքր ինչ վերապահությամբ եմ վերաբերվում դրանց մասին հայտարարություններին:
Բայց միակ սկզբունքը կամ կանոնը, որին հավատում եմ անվերապահորեն` “բումերանգի կանոնն” է, թե շպրտածդ վերադառնալու եւ խփելու է ճակատիդ: Այսինքն, եթե դու իշխանություն ունենալով ընտրություն ես կեղծել, երբ իշխանություն չունենաս` ինքդ ես դառնալու ընտրությունների կեղծման զոհ: Եթե քաղաքական ընդդիմախոսներիդ հետ երկխոսությանը նախընտրել ես նրանց նկատմամբ հետապնդումները` վաղը քո կողմնակիցներն են արժանանալու նույն վերաբերմունքին: Կամ ավելի թարմ ու կոնկրետ օրինակ բերեմ` եթե Րաֆֆի Հովհաննիսյանի արած քայլին եւ այն հիմնավորող ելույթին անդրադառնալու փոխարեն` քո կողմնակից ԶԼՄ-ներն ու սոցիալական կայքերում համակիրները քննարկում էին նրա բեղերը թրաշելը` չի անցնի եւ երկու օր, եւ Ազատության հրապարակում 3 տարի անց հանրահավաք անելու հիրավի կարեւոր փաստին անդրադառնալու փոխարեն` ընդդիմախոսներդ միայն այն հարցը կտան, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ ու չբարեւեց այդ հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ասեմ, որ քաղաքական ինչ-ինչ դրդապատճառների վկայակոչմամբ այդ քայլը չանելն ինձ համար նման է այն պատճառաբանությանը, որն ասուլիսում ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի, քանի որ չի կիսում նրա քաղաքական դիրքորոշումները:
ՀՀԿ-ականների այս կապակցությամբ փաստարկներն ընդհանրապես մի առանձին թեմա են, ինչ արժե միայն` “Ինչու է հացադուլ անում` չէ որ ինքը խոսքի հնարավորություն ունի ԱԺ ամբիոնից”: Եվ նման բաներ ասողների մեջ պատգամավորներ են, որոնք իրենց պարտքն են համարում` հենց մի ընդդիմադիր ԱԺ ամբիոնից իրենց քիմքին հաճելի բան չի ասում` տեղից ռեպլիկներով ու գոռոցներով նրան խանգարում եւ ընդհատում են: Թերեւս սա էլ մի յուրօրինակ ձեւ է իշխանությանը հավատարմություն հայտնելու, դրսեւորվելու:

Նույն կերպ` Լեւոն Տեր-Պետրոսյանին յուրօրինակ հավատարմության ցույց էր այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ նրա պահվածքն անմիջապես պաշտպանելու նետվեցին որոշ` ինձ համար անգամ հարգելի հրապարակախոսներ:
Գուցե չպիտի զարմանայի` 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընդունել իր առանձնատան մոտ կանգնած Ամենայն հայոց կաթողիկոսին` նրա համակիր մամուլի որոշ միջոցներ Գարեգին Բ-ի մասին օգտագործում էին գերազանցապես “վեհափառ ավազակապետ” բնորոշումը: Իսկ ինչու պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը բացառություն լիներ:

Ի դեպ, առաջնորդի խոսքին հլու հնազանդ լինելը եւ նրա արած ամեն քայլ ողջունելը քաղաքական միայն այս ուժի մենաշնորհը չէ: Ասենք, “Ազգային միաբանություն” կուսակցության անդամներն իրենց հրապարակային խոսքում գրեթե պարտադիր շեշտում են Արտաշես Գեղամյանի անունը, եւ ածականներ չեն խնայում նրան քննադատողների հասցեին: Նույն պատկերը նաեւ “Օրինաց երկրի” դեպքում է, որից ժամանակին դուրս եկած գործիչներից մեկը որպես փաստարկ նաեւ դա նշեց, թե հոգնել էր ամեն ելույթում Արթուր Բաղդասարյանի անունը հնչեցնելու պարտադրանքից: Այնպես որ` ՀԱԿ-ն այս դեպքում հայտնվել է իրենց կողմից անչափ ջերմորեն սիրված անձանց շարքում: Քանի որ նրա կողմնակիցներից մինչ այսօր չի գտնվել որեւէ մեկը, որը հրապարակավ կասեր, թե իր կարծիքով` արվածը ճիշտ քայլ չէր:

Փոխարենն արդեն սկսում են փորձել պաշտպանել մի բան, որ անպաշտպանելի է` եւ մարդկայնության, եւ տարրական քաղաքավարության, եւ ինձ թվում է` նաեւ քաղաքական առումներով: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առաջին օրվանից, երբ նրան այցելում էին ՀԱԿ-ի գործիչները` ՀԺԿ-ից, “Հանրապետությունից”, Լիբերալ կուսակցությունից եւ այլն` մի թաքուն հույս էր ծնվել, թե գուցե այս հացադուլը կդառնա յուրօրինակ կամուրջ քաղաքական այս ուժերի միջեւ: Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը, կարծում եմ, ուղղակի պայթեցրեց այդ կամուրջի տեսիլքն անգամ:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

http://annaisraelyan.blogspot.com

Դիտվել է 2463 անգամ:
Print Friendly

Leave a Reply