Ատլանտիդա

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 12, 2011 8:45

Ատլանտիդայի և ատլանտների մասին շատերն են գրել, շատ ուսումնասիրողներ անգամ լուրջ որոնողական աշխատանքներ են իրականացրել: Երկար տարիներ գիտական արշավախմբեր են որոնել այդ կորսված կղզին կամ մայր ցամաքը: Սակայն մինչ օրս որոնումները ոչ մի նյութական արդյունք չեն տվել: Իսկ որոնումների աշխարհագրությունը բավական մեծ է. Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում… Առավել համարձակներն ու համառները ատլանտների հետքերը որոնել են Ամերիկա մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:

Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերում է մ.թ.ա. VII-VI դարերին, երբ հույն օրենսդիր, արքոնտ և Հին աշխարհի յոթ իմաստուններից մեկը` իմաստասեր Սոլոնը, իր ճամփորդությունների ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա պապի պատմությունը Ատլանտիդայի և դրա կործանման մասին:

Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն իմաստասեր` Պլատոնը, իր «Կրիտիոս» և «Տիմեոս» աշխատություններում`  նկարագրելով կործանված Ատլանտիդա կղզի պետությունը:

Քուրմն իր շարադրանքում Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից  (Ջիբրալթար)  այս և այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին: Այսօր գիտնականները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, հավատացողներն էլ տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի առնչությամբ: Մասնավորապես, շատերը կարծում են, որ նշված 9000 տարին անճշտություն է, և Սոլոնն ուղղակի սխալվել է եգիպտացի քուրմի պատմածը գրառելիս. իրականում պետք է լինի 900 տարի: Շատ գիտնականներ էլ կարծում են, որ Հերակլեսյան սյուները որևէ աղերս չունեն Ջիբրալթարի հետ, այդ սյուները պետք է որոնել Էգեյան ծովում:

Սակայն մի բան պարզ է. առեղծվածային Ատլանտիդան զարգացած և հարուստ համայնք է ունեցել` քաղաքային բոլոր հաղորդակցություններով: Նրա քաղաքները շրջանաձև հատակագիծ են ունեցել, զարգացած ոռոգման և ջրային համակարգեր, ուղղաձիգ փողոցներ, կանոնավոր պարիսպներ: Այն ծովով սահմանակից է եղել Հունաստանին, ցամաքով` Եգիպտոսին: Եգիպտական քրմի խոսքով` ատլանտների տիրապետությանն են ենթարկվել ծովային և ցամաքային մեծ երկրներ, բազում ժողովուրդներ: Նման հատակագծով քաղաքներ տարածված են եղել Փոքր Ասիայում` խեթական թագավորությունում և Հայաստանում:

Ատլանտների առասպելը պատմում է, որ ծովերի աստված Պոսեյդոնի կին Կլեյտոն ծնում է տասն արու զավակ, և Պոսեյդոնը Ատլանտիդայի տարածքը բաժանում է իր որդիների միջև տասը հավասար մասերի, իսկ ավագին` Ատլանտին, կարգում է նրանց թագավոր: Սա հիշեցնում է XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու տեսությունը, համաձայն որի` Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմն ուներ 9 որդի, որոնց մեջ բաժանեց աշխարհը` ավագին` հայերի նախահայր Հայկին, կարգելով նրանց թագավոր:

Ենթադրյալ Ատլանտիդա կղզին ուներ 540 կմ երկարություն, 360 կմ լայնություն:

Քուրմը Սոլոնին նաև տեղեկացրել է ատլանտների տաճարի շուքի ու կառուցվածքի մասին: Ըստ նրա` տաճարի արտաքին պատերը զարդարված էին արծաթով, անկյուններն ու վերնաճակատը` ոսկով, իսկ առաստաղը փղոսկրից էր: Նման զարդարված տաճարներ շատ կային Փոքր Ասիայում ու Հայաստանում: Հիշենք թեկուզ ասորական Սարգոն թագավորի կողմից կողոպտված ուրարտական  Մուսասիրի տաճարը` իր անբավ հարստություններով:

Ամեն դեպքում, եթե անգամ հավատալու լինենք Սոլոնին և ատլանտների գոյությանը, նրանց քաղաքակրթությունը շատ նման է Հին աշխարհի քաղաքակրթություններին:

Համաձայն պատումների` ատլանտներն անընդհատ պատերազմի մեջ են եղել Աթենական պետության դեմ: Աթենքն այդ պատերազմում հաղթում է և  շատ չանցած` ինչ-որ անհայտ աղետից Ատլանտիդան կործանվում է` անցնելով ջրի տակ: Կործանվում են նաև ատլանտները: Սոլոնի շարադրանքից երևում է, որ ատլանտների հասարակությունն իր պետական, հասարակական կառուցվածքներով ու ենթակառուցվածքներով իդեալական է եղել: Անգամ քաղաքային ենթակառուցվածքներն այնքան իդեալական են նկարագրված, որ թվում է` Ատլանտիդան ուղղակի երազային երկիր է եղել:

Իրականում նման երկիր չի էլ եղել: Նախ` Սոլոնի նշած տեղեկություններն ինքնին հավաստի չեն, որովհետև նա ընդամենը վերարտադրել է քրմի պատմությունը հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ենթադրյալ հասարակության մասին: Այս տեսակետը, ըստ իս, հիմնավոր է այնքանով, որ եթե դիտարկելու լինենք Սոլոնի ապրած դարաշրջանն ու հենց Սոլոնին, կհամոզվենք, որ միանգամայն հնարավոր է, որ գիտնականն ինքն է հորինել Ատլանտիդայի և ատլանտների մասին պատմությունը:

Այդ ժամանակաշրջանում Հունաստանում գիտական միտքն ամբողջովին ուղղված էր իդեալական հասարակարգ ստեղծելու գաղափարին: Հույն իմաստասերները, որ հավակնոտ քաղաքական նկրտումներ ունեին, փորձում էին այս ու այն կերպ ճշմարիտ ու լավագույն հասարակարգի մոդելներ ստեղծել` նպաստելով հունական հասարակության առաջադիմությանը: Հիշենք թեկուզ Պլատոնի «Պետություն» աշխատությունը:

Ինքը` Սոլոնը, օրենսդիր էր և, ի վերջո, ստեղծեց իր  օրենքները, որոնք կիրառություն գտան Աթենքում մ.թ.ա. 593 թ.: Միգուցե Ատլանտիդան մինչ Սոլոնի կողմից օրենքների ստեղծումը նախնական փորձ էր` հույն հասարակությանը հրամցնելու իդեալական հասարակարգի գաղափարը: Ըստ էության` այդ է որ կա:

Հայտնի չէ` հասա՞վ Սոլոնն իր նպատակին, թե՞ ոչ, գո՞հ էր արդյոք իր օրենքների կիրառությունից: Բայց նրա «ստեղծած» Ատլանտիդան ենթադրյալ կործանումից հետո էլ մինչ օրս ապրում է Սոլոնին հավատացող ռոմանտիկ գիտնականների  մտքում, նաև` արվեստում: Ատլանտիդան այսօր ամենուր է` երաժշտության մեջ, կինոարվեստում, ֆանտաստիկ գրականության մեջ, անգամ ինտերնետային խաղերում…

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4865 անգամ:
Print Friendly

Leave a Reply