Հայերի ծագումնաբանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | Հունիսի 18, 2012 7:00

Որևէ ժողովրդի ծագումնաբանության մասին դատելիս բնավ սոսկ պատմական էքսկուրս չենք անում: Սրանից բազում խնդիրներ են բխում` քաղաքական, էթնիկական, մշակութային, անգամ` սոցիալական:

Ազգային ծագումնաբանությունը ցավոտ ու նուրբ թեմա է հատկապես մեր արևելյան և արևմտյան հարևանների համար: Բայց եթե մեր անմիջական հարևանների մոտ ազգային ծագումնաբանական խնդիրները տեղաբնակ լինել-չլինելու հարցեր են հարուցում և բազում, հիմնականում քաղաքական խնդիրներ են ամփոփում, այլ է մեր պարագայում:  Հայ ժողովրդի ծագումը և տեղաբնակ լինելու հանգամանքը, բացառությամբ առանձին դեպքերի, չի վիճարկվել: Խնդիրը տվյալ դեպքում  ներկայացման ձևն է: Գաղտնիք չէ, որ պատմությունը, ի թիվս այլ հումանիտար գիտությունների, հաճախ քաղաքական, գաղափարական շահարկումների առարկա է դառնում և աղավաղվում:

Դրա փայլուն օրինակը խորհրդահայ պատմագիտությունն էր, երբ ամեն ինչ արհեստականորեն նսեմացվում և հավասարեցվում էր` պահպանելու համար Խորհրդային Միության գաղափարական «արժեքները»: Օրինակ` Ուրարտուն համարվում էր անդրկովկասյան ժողովուրդների` հայերի, վրացիների և ադրբեջանցիների նախահայրենիքը…”Ուրատուն” շատ հարմար էր այն գիտնականներին ,որոնք հակված էին հնդեվրոպական մայր հայրենիքը Եվրոպայում տեղադրելու և հայերին այտեղից բերելու.նրանք ասում էին, թե `ահա տեսնում եք , առաջ եղել է Ուրարտուհետո հայերը  գրավել են այն և դարձրել Հայաստան:  Բազում օրինակներ կարելի է բերել: Խորհրդային երկրում կարծես ամոթ էր հզոր մշակույթ ու քաղաքականություն ունենալը… Պատմաբանները պետք է անպայման նսեմացնեին նախնիների վաստակն ու նրանից «փայ հանեին» հարևաններին:

Այն նույն ժամանակաընթացքում , երբ աքքադացիները Հայքն անվանում էին Ուրարտու, հրեաները այն անվանում էին Արարարտ կամ  Արարատյան թագավորություն : Հին կտակարանի Թագավորների 4-րդ գիրքը գրվել է մ.թ.ա 7-րդ դարում, և այնտեղ Հայաստանը (կամ Ուրարտուն) կոչվում է Արարատ: Սա մեջբերում է Ռաֆայել Իշխանյանի “Հայ ժողովրդի ծագման և հնագույն պատմության հարցեր”,էջ64 գրքույկից:

Արարատյան թագավորությունից (որն արամեերեն արձանագրություններում հիշատակվում է որպես Urartu)  զատ «օտարման քաղաքականության» զոհ գնացին հին հայկական շատ քաղաքակրթություններ, ամբողջական պետություններ… Խոսքը, մասնավորապես, Արատտա (մ.թ.ա. XXX-XVII դդ.), Սուբարիների (մ.թ.ա. XVII-XIV դդ.) Նաիրի, Միտտանի և Արմե-Շուպրիա պետությունների մասին է: Սրանց մասին խոսելիս խորհրդահայ պատմագիտությունը համառորեն լռում էր հայկական ծագման և արմատների մասին: Այս իմաստով շատ առաջ գնացին վրացի պատմագետները, որոնք իրենց աշխատություններում ջանասիրաբար «ապացուցում էին» Արարատյան  թագավորության ժողովուրդների կովկասյան ծագումը` դրանով իսկ հող նախապատրաստելով իրենց «Ժառանգականության տեսության» համար:

Այդ իսկ պատճառներով, անգամ մեր ժամանակներում, երբ խոսք է լինում հայկական հնագույն քաղաքակրթությունների մասին, երբ խոսվում է Արատտա սրբազան լեռնաշխարհի մասին, մարդիկ թերահավատությամբ են լցվում և լավագույն դեպքում քմծիծաղ տալիս: Բնականաբար, ավելորդ էր խոսել խուռիների և մյուսների հայկական ծագման մասին:

Ստացվում է, որ հայոց պատմագրությունը երկու անգամ վերափոխվեց ու խաթարվեց: Առաջինի մեղավորը քրիստոնեությունն էր, երկրորդինը` խորհրդային հասարակարգը: Առաջին դեպքում հայ պատմագրությունը բացառապես եկեղեցականների ձեռքին էր և, բնականաբար, խիստ գրաքննության էր ենթարկվում: Բանը հասավ նրան, որ անգամ հայկական ծագումնաբանությունն ու մեր վեհ անցյալն այն աստիճանի մի կողմ մղվեցին, որ վաղ քրիստոնեական շրջանում շատ նախարարական, իշխանական տներ, իրենց հայ-արիական փառահեղ անցյալը ներկայացնելու փոխարեն, սկսեցին իրենց արմատներում հրեական կամ այլ արյուն որոնել: Խոսքը Բագրատունիների, Մամիկոնյանների և մյուսների մասին է:

Մինչդեռ հայերի պատմական հայրենիքը Հայաստանն է և հայ քաղաքական, պատմական, մշակութային կյանքում մեծ դերակատարում ունեցած այդ տոհմերը չէին կարող օտար ծագում ունենալ:

Առհասարակ, հայերի ծագման մասին լեգենդներ ու առասպելներ պահպանվել են ոչ միայն մեր պատմագրության մեջ: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև հայերի ծագման վրացական, հունական, եբրայական ավանդությունները:

Անտարակույս, դրանց չի կարելի վերաբերվել որպես պատմական փաստերի, որովհետև դրանցում որոշակի շահախնդրություն և միտում կա: Յուրաքանչյուր ավանդություն ձևավորվում է տվյալ ժողովրդի պատկերացումների հիման վրա և արդեն իսկ նախապաշարումային  բնույթ ունի: Բացի այդ, չի կարելի անվերապահորեն հավատալ այդ ավանդությունները մեջբերողների անկեղծությանը, որովհետև կամա թե ակամա նրանք նույնպես որոշ շահագրգռվածություն ունեն մեզ հուզող այս խնդրում:

Հայկական ավանդապատումը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ, ըստ որի` հայերը ծագում են Հայկ նահապետից, որն ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու հայոց պետության հիմքը դրեց: Սակայն Խորենացին Հայկի ծագումը կապում է Նոյի սերունդների, հետևաբար` հրեաների հետ:

Առավել արժանահիշատակ տեղեկություն է պահպանել Մար Աբաս Կատինան. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը…»: Հսկաներից էլ, ըստ Մար Աբաս Կատինայի, սերում է Հայկը: Առհասարակ, Խորենացու մեջբերումը համահունչ է Մար Աբաս Կատինայի մեջբերմանը, ուղղակի քրիստոնեության մուտքից հետո հայերի ծագումնաբանության մասին ավանդությունը հարմարեցվել և համահունչ է դարձել իշխող գաղափարախոսությանն ու պատկերացումներին:

Այսպես, Հայկի հայր Թորգոմին քրիստոնյա պատմիչը համարում է Նոյի ավագ որդի Հաբեթի սերունդը, մինչդեռ իրականում Թորգոմը Եփրատի միջին հոսանքներում եղած Թեգարամա երկրի հիմնադիր նախնին է: Առհասարակ, հայերի ծագման մասին հայկական ավանդությունը շատ հարցերի պատասխաններ է տալիս: Ըստ այդմ` մեր երկրի Հայաստան և Արմենիա անվանումները հենց առաջացել են Հայկից և նրա որդի Արամից, իսկ մեր սրբազան լեռնաշխարհի շատ տեղանուններ  տրված են հենց Հայկի սերունդների անուններից:

Հայկի մասին պատումը պետք է ամենաճշմարտացին համարել: Ճիշտ է, այն հետագայում շատ է ազդվել քրիստոնեությունից և հարմարեցվել նոր գաղափարախոսությանը, այդուհանդերձ,  հայ ժողովուրդն է նրա ծնողն ու կրողը:

Այլ են հայերի ծագման մասին օտար ավանդությունները: Դառնանք հունական ավանդությանը, որ շատ տարակարծությունների և վեճերի տեղիք է տվել` հիմնականում ջուր լցնելով հայերի հակառակորդների ջրաղացին: Հունական ավանդության համաձայն, հայերի նախնին Արմենոսն է Թեսալիայից, որը Ոսկե գեղմի որոնումով Յասոնի խմբի հետ ճամփորդել է և հաստատվել Հայաստանում` կոչելով երկիրն իր անունով: Առհասարակ, հունական գրականության մեջ շրջանառվում է մի քանի տեսակետ-վարկած, որոնցում հայերին անպայման օտար ծագում է վերագրվում: Այսինքն` հունական վարկածի համաձայն` հայերը եկվոր են Հայկական լեռնաշխարհում:

Այստեղ կարևոր է հիշատակել մեջբերման աղբյուրը. դա Ստրաբոնի պատմությունից է: Հեղինակը նաև նշել է, որ իր տեղեկությունները քաղել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններից: Ստրաբոնի միտքը չի դիմանում ոչ մի քննադատության: Նախ` հայերի եկվոր լինելու մասին որևէ հիշատակություն չկա բացառապես, բացի այդ, հակառակը պնդող հազարավոր ակնառու փաստեր գոյություն ունեն: Այստեղ մենք ականատեսն ենք պետական քարոզչության վաղ դրսևորման: Գաղտնիք չէ, որ ազգերն ու պետությունները միմյանց դեմ պայքարել և պայքարում են ոչ միայն զենքով: Եվ սա հին աշխարհում հայ-արիական և հելլենական մշակույթների պայքարի դրսևորումներից է: Բացի այդ, միգուցե շրջանառելով այս թեզը, հելլեն (տվյալ դեպքում մակեդոնացի) տիրակալը ցանկացել է իրավական հիմք ստեղծել Հայաստանի նվաճման համար: Պարզ է, սակայն, որ Ալեքսանդր Մակեդոնացին Առաջավոր Ասիայի երկրներից չկարողացավ նվաճել միայն Հայաստանը:

Հաշվի առնելով, որ մեր լեռնաշխարհը կոչվել է Սրբազան օրենքների երկիր` Արատտա, սա ավելի ճշմարտանման է երևում, քանզի պատմիչը, Հայկի, իմա` հայերի ծագումնաբանությունը կապելով աստվածներին, ի ցույց է դնում նրանց արարչագործ առաքելությունները:

Հայկական ավանդապատումին շատ ավելի հարիր է վրացականը հայերի ծագման մասին: Այս պատումը մեզ է հասել XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու շնորհիվ: Համաձայն նրա` Հայկը Թորգոմի որդին է: Թորգոմից են սերում նաև կովկասյան բոլոր ժողովուրդները, սակայն նրանց մեջ առաջնեկն ու առաջնայինը Հայոսն է, ապա երկրորդ որդին (և ըստ ազդեցության երկրորդը) վրացիների նախահայր Քարթլոսը, ապա` աղվանների նախահայր Ռանոսը և այդպես շարունակ:

Ակնհայտ է` վրացական ավանդությունում արտացոլված են ժամանակի քաղաքական հարաբերություններն ու կարգերը, երբ տարածաշրջանում հայկական հեգեմոնիա էր:

Հայերի ծագման մասին արաբական, հրեական սկզբնաղբյուրները քիչ են տարբերվում միմյանցից, սակայն նրանցում ակնարկ անգամ չկա հայերի եկվոր լինելու մասին:

Այս տեսակետը, բնականաբար, պաշտպանություն և զարգացում է գտնում միայն թուրք գիտնականների կողմից, համաձայն որոնց` հայերը Բալկաններից միայն մ.թ.ա. VI դարում են Հայկական բարձրավանդակ գաղթել, կործանել Ուրարտուն և հաստատել սեփական թագավորությունը:

 

 

 

 

Դիտվել է 2885 անգամ:
Print Friendly

Leave a Reply