Վերջին զանգ. նոր կյանքի սկիզբ ու հարված ընտանեկան բյուջեին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | Մայիսի 23, 2012 16:00

Մայիսի 25-ին դպրոցական զանգը վերջին անգամ կհնչի հանրապետության 40 հազար շրջանավարտների համար: Հրաժեշտի խոսքեր, արտասվախառն խոստովանություններ ու գրկախառնություններ: Սա Վերջին զանգի մի կողմն է: Տոնական օրվա մյուս կողմը, սակայն, այսքան հաճելի չէ. ծնողների համար «վերջին զանգ» նշանակում է ծախսեր, այն էլ` շատ:

Վերջին զանգի հստակ գումար գոյություն չունի. ծնողների ծախսերը տարբեր են` կախված բնակության վայրից ու դպրոցից:

Դպրոցը չի միջամտում Վերջին զանգի համար արվող ծախսերին, այդ ամենն իրականացվում է ծնողական կոմիտեի համաձայնությամբ ու որոշմամբ: ԿԳՆ-ն սովորաբար վերջին զանգի նախօրեին շրջաբերականներ է ուղարկում դպրոցներ` կոչ անելով զերծ մնալ դրամահավաքությունից: Նախարարությունում էլ գործում է թեժ գիծ, որին, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, այս տարի ընդամենը 3-4 ահազանգ է եղել:

«Անկախը» փորձեց պարզել, թե հանրապետության տարբեր շրջաններում որքան ծախս է անում ծնողը Վերջին զանգի համար:

Սպիտակի դպրոցներից մեկի շրջանավարտ, 17-ամյա Կարեն Պողոսյանն ասում է, որ իրենք սահմանափակվել են 10 հազար դրամով, որը ներառում է միատեսակ կրծքազարդ-զանգ բոլորի համար, ուսուցիչների համար ծաղիկներ, ավարտական միջոցառման տեսանկարահանում և ավարտական քեֆ, որը տեղի կունենա հենց դպրոցում:  Կարենն ասում է, որ սցենարն իրենք են գրել, իսկ վինետկայի համար փող չեն ծախսել, քանի որ մի անհատ ֆինանսավորել է:

Մարտունու թիվ 2 դպրոցում, որտեղ երկու ավարտական դասարան կա, ծախսերը գրեթե նույնչափ են: Այստեղ միջոցառումը նկարահանելու, սցենարի և ուսուցիչների նվերի համար գումար չեն ծախսում: Բեմական հագուստի նախապայման էլ չկա, միայն պետք է սև ու սպիտակի համադրություն լինի: «Դասարաններից մեկը որոշել էր սցենար գնել, բայց ուսմասվարն արգելեց: Ուսուցիչներով երկու դասարանի համար էլ սցենար ենք կազմել: Ինչո՞ւ ծնողն իզուր  ծախսի տակ ընկնի»,- ասում է դպրոցի ուսուցիչներից Էլմիրա Խաչատրյանը:

Այստեղ դասարաններից մեկն ավարտական քեֆը որոշել է ռեստորանում անցկացնել, որի համար 10 հազար դրամ գումար են հավաքում, ևս 5 հազար` վինետկայի համար: Մյուս դասարանը, որն ավարտական քեֆը շրջանավարտներից մեկի տանը կանի, ավելի քիչ գումարով է սահմանափակվել:

Մարտունու թիվ 3 դպրոցում, սակայն, ավելի շռայլ են. այստեղ 30 հազար դրամ գումար են հավաքում, որը ներառում է ավարտական միջոցառումը նկարահանելը, քեֆը, միատեսակ քրծքազարդ-զանգերը, վինետկան, դասղեկի համար նվերը,  ինչպես նաև ավարտական քննությունների համար գրիչները և ատեստատի գումարը:

Մարզերի շռայլ ծախսերը, սակայն, անհամեմատելի են երևանյան դպրոցների «համեստ» ծախսերի հետ: Տիկին Նունեն, որի որդին Կենտրոնի դպրոցներից մեկի շրջանավարտ է, ասում է, որ ծնողական կոմիտեի որոշմամբ հավաքում են 60 հազար դրամ, որը, սակայն, չի ներառում քեֆի փողը, դրա համար հավելյալ 12 հազար դրամ են հավաքում:

Նշված ծախսերից բացի, ծնողը նաև երեխայի համար հագուստի փող պետք է խնայած լինի` առնվազն 30-40  հազար դրամ սև-սպիտակ բեմական հագուստի համար և աղջիկների դեպքում ևս 30 հազար դրամ` երեկոյան զգեստի համար:

Տիկին Իզաբելլան ասում է, որ որդու համար բեմական հագուստ գնելու համար ծախսել է 63 հազար դրամ` 35 հազար դրամ կոստյումը, 8 հազար դրամ վերնաշապիկը, 20 հազար դրամ կոշիկները: «Ահագին մեծ ծախս է, բայց երեխա է, ուզում է, ո՞նց ասես` չէ»:

Հաշվի առնելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է, ակնհայտ է դառնում, որ նշված ծախսերը ծնողների համար չափազանց շատ են. ոմանք ամիսներով գումար են խնայում երեխայի վերջին զանգի համար, ոմանք էլ` ավարտական ծախսերին սկսում են նախապատրաստվել դեռ տարիներ առաջ, երբ երեխան ավագ դպրոցի տարիքի է հասնում: Իհարկե, նման իրավիճակից կարելի է մասամբ խուսափել, եթե ծնողները, հաշվի առնելով մարդկանց հնարավորությունները, չցանկանան իրենց երեխայի վերջին զանգը դարձնել «լավագույնն ու ամենաճոխը» հանրապետությունում:

Դիտվել է 1822 անգամ:
Print Friendly

Leave a Reply