Փառանձեմ թագուհի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | Մարտի 21, 2012 7:00

Տաթևիկ Սազանդարյանը Փառանձեմի դերում

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դևերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի և պետության: Ով էր նա, այդ հպարտ սյունեցին:

Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թերևս ամենահերոսական, բայց միաժամանակ ամենադժբախտ ու ողբերգական կյանքով ապրած թագավորի` Արշակ Բ (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր` նրա հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում:

Փառանձեմը Սյունաց աշխարհից էր. Սյունաց անառիկ լեռների պես հպարտ ու աննվաճ: Նա դուստրն էր Անդովկ իշխանի: Անդովկ Սյունին 4-րդ դարում Հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունաց նախարարական տունը Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր: Սյունաց տոհմը գահամանակում բարձր դիրք էր գրավում և ի զորու էր պատերազմի ժամանակ 10000 և ավելի զորք հանել:

Ինքը` Անդովկ Սյունին հզոր ու քաջ զորական էր: Մի անգամ վիրավորվելով պարսից Շապուհ արքայի վերաբերմունքից` քաջարի հայ իշխանը իր գնդով գրավեց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնն ու ավերեց այն: Սյունաց քաջ նախարարը Արշակունի թագավորների հավատարիմ հենարանն էր ու հայոց երկրում իր կարգին համապատասխան դիրք ուներ: Անդովկ Սյունու գեղեցկադեմ դուստրը` Փառանձեմը հարկ էր որ արքայական տան հարս լինի, և Սյունաց իշխանը իր դստերը կնության տվեց Տիրան Արշակունի արքայի (338-350) որդուն` Գնելին: Գնելը որ Հայաստանում հռոմամետ իշխանների պարագլուխն էր Ներսես Պարթև կաթողիկոսի հետ միասին, դիվային ծրագիր հղացավ` ապստամբել հայոց արքայի դեմ և խախտելով վաղնջական ժամանակներից եկող արգելքը` իբր, իր պապ Տիրանի հրավերով, բնակության հաստատեց արքունական Ոստանում: Սա լուրջ մարտահրավեր էր արքային և հայոց գահին: Եվ Արշակը չհապաղեց հանուն իր երկրի ու գահի ապահովության հեղել ազգակցի արյունը: Պատմիչները գրում են, որ Գնելին Արշակի մոտ դավել է նրա հորեղբորորդին` Տիրիթը, նախանձից և Փառանձեմի սիրուց դրդված…  Գնելի թաղման ժամանակ տեսնելով վշտացյալ Փառանձեմին` հայոց արքան սիրահարվեց և շատ չանցած` կին առավ նրան: Արդյոք Արշակի առաջին կինն էր Փառանձեմը, դժվար է ասել: Պատմագետներից շատերը կասկածի տակ են առնում Պապի` Փառանձեմի որդին լինելը: Համենայնդեպս, ամուսնանալով Արշակ Բ հետ, նա կանանոցում դարձավ առաջինը և հայոց թագուհին: Այդպես էր պահանջում սյունեցու նրա հպարտությունը և հոր` Անդովկ իշխանի բարձր դիրքը հայոց արքունիքում:

Այդ դեպքերից քիչ անց Հռոմը, նենգ ու դավաճան Հռոմի կայսրը չկարողանալով Գնելի միջոցով հասնել իր նպատակներին, Արշակի համար կնության ուղարկեց իր զարմուհուն` Օլիմպիային: Արշակը չէր կարող մերժել Հռոմի առաջարկն ու ստիպված կնության առավ նաև Օլիմպիային: Սա դիվանագիտական ամուսնություն էր: Սակայն նորահայտ Հայոց Դշխոն Հայաստանում Հռոմի իրավունքներն ու շահերն էր պաշտպանում լոկ:

Նա լրտես էր Հայաստանի սրտում` հայոց արքունիքում: Ավելին` ցանկանում էր գրավել Փառանձեմ թագուհու տեղը և շարունակ դավեր էր նյութում նրա ու առհասարակ հայոց պետականության դեմ:

Եվ եթե հավատալու լինենք հայ կղերական պատմիչներին` հենց Փառանձեմի հրահանգով էլ արքունի երեց Մրջյունիկը հաղորդության գինու մեջ մահաբեր թույն խառնելով`  թունավորեց Օլիմպիա թագուհուն և նրան վերացրեց ասպարեզից: Դժվար է ասել, Փառանձեմը խառն էր Օլիմպիայի սպանության գործում թե ոչ… համենայնդեպս, հայոց աշխարհը ազատվեց մի նենգ օտարից, ով հայոց հյուրընկալությունը վայելելու փոխարեն դավում էր:

Այնքան դավեր նյութվեցին Փառանձեմի պատճառով, այնքան դաշինքներ խզվեցին…

358 թվականին Պարսկաստանը պատերազմում է Հռոմի դեմ: Պարսկաստանի դաշնակից հայոց Արշակ Բ արքան իր զորքով արշավում է դեպի Մծբին` ռազմի դաշտ: Հռոմեական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր, իսկ պարսկական բանակը դեռ չէր ժամանել: Չսպասելով դաշնակից պարսիկների մոտենալուն` Արշակ Բ հայոց այրուձիով հարձակվում է հռոմեացիների վրա ու սոսկալի ջարդ է տալիս նրանց: Ջախջախված հռոմեական զորքի մնացորդները փախուստի են դիմում: Ժամանած պարսից արքան հիանում է Արշակ Բ կատարած գործի վրա: Իր դաշինքն ամրապնդելու համար Շապուհը ցանկանում է իր դստերը կնության տալ Արշակին: Փավստոս պատմիչի հավաստմամբ` Անդովկ իշխանը վախենալով Փառանձեմի` հայոց արքունիքում երերացող դիրքերից` կաշառում է հայոց նախարարներին և մի քանի պարսիկ պաշտոնյաների, ովքեր խաբում են Արշակին, թե Շապուհը դավ է լարել և ցանկանում է սպանել իրեն: Արշակը վախենալով դավից` փախուստի է դիմում: Եվ հայ-պարսկական դաշինքը սրանով լուծվում է:

368 թվականին Շապուհ Բ արքան խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ և հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում սպարապետին, իսկ հայոց արքային նետում է Անհուշ բերդը: Քայքայված ու պառակտված երկիրը հզորագույն թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Շապուհը խաբեությամբ իր մոտ է հրավիրում նաև Փառանձեմ թագուհուն, սակայն նա չհավատալով նենգ պարսիկի խոստումներին, պատրաստվում է պայքարի: Արքայազն Պապը գտնվում էր Հռոմում, սպարապետը սպանված էր, արքան` բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին` նախարարների պես ապակենտրոն քաղաքականություն էր վարում:

Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին իր դիրքին ու կոչումին համապատասխան` ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր  շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում և տասնչորս ամիս հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամուն: Ամրոցի պաշարման ժամանակ դավաճան հայ իշխաններից Գղակը` Հայր Մարդպետը, ում ի պաշտոնե հայտնի էին ամրոցի գետնուղիները, գաղտնի թափանցում է Արտագերս, սակայն այնտեղ տեսնելով հայերի հերոսական, հուսահատ դիմադրությունը, ներկայանում է Հայոց Դշխոյին ու նրա զորքն առաջնորդելով` ջարդ է տալիս պարսիկներին: Բազում գրոհներից հետո Շապուհը զենքով չի կարողանում գրավել Արտագերսը: Ամրոցի տակ հայոց բանակը գիշերային անակնկալ հարձակումներով բազմիցս սոսկալի ջարդ է տալիս պարսիկներին:

Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային և ամրոցի պաշտպանների շարքերն ստվարանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն:

Փառանձեմ թագուհին, հայոց հպարտությունը, Սյունաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Շապուհ պարսիկը նրան անպատիվ մահով սպանեց: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն և իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել նրան անասնական պիղծ խառնակությամբ…

Պատմիչների հավաստմամբ Հայոց Դշխոն ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը… Ցավոք, Փառանձեմը չգնահատվեց իր ժամանակակիցների կողմից: Դեռ նրա ժամանակակից կղերական պատմիչները մռայլ ու սև գույներով են ներկայացրել Փառանձեմին: Փավստոս Բուզանդը նշում է, որ նա անգամ իր որդուն` Պապին, մանկուց դևերին է նվիրաբերել: Պապի գործունեությունից դատելով` հավանական է, նա քրիստոնյա չէր: Կղերական պատմիչները դևեր ասելով, նկատի ունեին հեթանոսներին: Հավանաբար, հայ ավանդական աստվածներին էր պաշտում նաև Փառանձեմ թագուհին, ով իր որդուն սնուցեց ու դաստիարակեց որպես արիացի, որպես իր ազգին ու պետականությանը նվիրված անհատի:

Նա նահատակվեց հանուն հայրենիքի ու հայի պատվի: Վ.Հացունին նրան բնութագրել է. գեղեցիկ, պարկեշտ և քաջ…

Սյունաց ոստանում` Բաղաբերդում, աղբյուր կա` Փառանձեմի աղբյուրը: Մինչ օրս հայոց մայրերը խմում են այդ աղբյուրի ջուրը, որպեսզի իրենց պտուղը առողջ ու հայրենանվեր լինի: Մայրերն իրենց աղջիկների երեսը լվանում են այդ ջրով, որպեսզի նրանք Փառանձեմի նման գեղեցիկ և տոկուն լինեն:

Վահե Անթանեսյան

Դիտվել է 2803 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Suzan ասում է՝

    Hodac@ shat hajoxvac e.Shnarhakalutyun informacnelu hamar.

Leave a Reply