Ներքինիներ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | Հուլիսի 20, 2011 6:30

Մեր ժամանակներում ներքինիներին որոշ քամահրանքով են վերաբերվում: Սակայն ուրիշ է եղել նրանց կարգավիճակը դարեր առաջ:

Ներքինիները` որպես հատուկ խավ, ամենուր հայտնի են վաղնջական ժամանակներից: Ներքինին ամորձատված տղամարդ է, որ հատուկ պաշտոն և գործառույթ է իրականացնում որոշակի միջավայրում:

Հին Հայաստանում նույնպես ներքինացումը շատ տարածված են եղել և ամենևին էլ ցածր սոցիալական կարգավիճակ չեն ունեցել: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում հայոց արքունիքի ամենապատասխանատու պաշտոնյա- նախարարներից մեկը ներքինի Հայր Մարդպետն էր: Նա թագավորի կանանոցի և հարեմի վերահսկիչն էր, արքայազնների և արքայադուստրերի դաստիարակը, թագավորի կալվածքների կառավարիչը, արքունի ընդհանուր վերակացուն:

Հայտնի չէ` այս պաշտոնը Հայաստանում նախարարական մյուս պաշտոնների նման փոխանցվել է ժառանգաբա՞ր, թե՞ ոչ: Եթե փոխանցվել է ժառանգաբար, ապա Հայր Մարդպետը ներքինացվել է, բնականաբար, ժառանգ ունենալուց հետո: Պարզ է մի բան. հայոց պատմության մեջ հայրմարդպետերը հիմնականում հանդես են գալիս Գղակ անվամբ: Ինչից է ծագում անունը և ինչ է նշանակում` դարձյալ պարզ չէ:

Իսկ ներքինի բառն առաջացել է ներքին բառից: Դա բացատրվում է նրանով, որ այս պաշտոնյաները հիմնականում ծառայել են հարեմներում, որոնք գտնվել են տան ներքին մասում, ուր ոչ բոլորը մուտք ունեին:

Բագրատունիների արքունիքում Հայր Մարդպետի պաշտոն չի եղել: Սակայն հայտնի է, որ Կիլիկիայի Լևոն Բ արքայի դուստրը և Հեթում Ա-ի կինը` Զապել թագուհին, տասնյակ ներքինիներ է ունեցել:

Պատմության մեջ առաջինը պարսիկներն էին, որ ծիսական ամորձատում կատարեցին: Գերի վերցրած զինվորներին ստրկացնում էին և ծառայեցնում տնտեսության մեջ, և որպեսզի կանխեին նրանց մեղսալից ցանկությունները, ամորձատում էին: Դեռ  մ.թ.ա. VI  դարում պարսից Կյուրոս թագավորը հետաքրքիր փորձ արեց. տեսնելով, որ ամորձատված կենդանիներն ավելի հնազանդ ու խելոք են, հրամայեց ամորձատել իր ստրուկներին:

Ամորձատումը, սակայն, տարածված էր ողջ հին աշխարհում: Հին Հունաստանում և Հռոմում ներքինիները ոչ միայն ծառայի և ստրուկի կարգավիճակ ունեին, այլև ծառայում էին մեծ տաճարներում և ծիսական պոռնկությամբ էին զբաղվում: Նրանք հիմնականում Աֆրոդիտեի տաճարի սպասավորներն էին: Հնդկաստանում այն կիրառվում էր որպես պատիժ. ամորձատում էին բռնաբարողներին և ցածր կաստայի կանանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտած տղամարդկանց: Իսկ եվրոպական երկրներում ամորձատումը կիրառվում էր որպես կտտանքի ձև և պատժամիջոց:

Միջնադարում ամորձատված տղաների պահանջարկը շատ մեծացավ` կապված իսլամական աշխարհում հարեմների հարաճուն պահանջարկի հետ: Հատկապես մեծ պահանջարկ ունեին սևամորթ ներքինիները, որոնք դարձան արևելյան հարեմի  խորհրդանիշը, ավելի, քան այդ հարեմի կանայք, քանի որ առավել տեսանելի էին հասարակության մեջ:

Ներքինիների  նկատմամբ  առանձնակի սեր էր տածում Բաղդադի խալիֆ ալ-Ամինը, որ իրեն շրջապատել էր հարյուրավոր ներքինիներով և նրանց կոչում էր փաղաքշական անուններով:

Ավելի ուշ ժամանակներում ամորձատում էին պալատական և եկեղեցական երգիչներին, որպեսզի պահպանեն  նրանց մանկական ձայնը: Հայտնի է, որ ամորձատված էին Սիքստինյան կապելլայի երգչախմբի պատանիները: Ներքինիներ էին նաև անվանի օպերային երգիչներ Գրիմալդին և Ֆարինելին:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Հրաչյա ասում է՝

    Ներքինի էր նաև Ալեքսանդր Մանթաշյանցի լավ չեմ հիշում հոր թէ մոր քեռին, որին Աղա Մահմադ խանը գերեվարելով Թիֆլիսից 18 տարեկանում ամորձատել էր և նշանակել պալատական ծառայության. Այս երիտասարդը հետագայում աչքի ընկավ ռազմական գործում այնքան, որ մեծ գործ կատարեց միջինասիական ցեղերից պարսկաստանի սահմանները պաշտպանելու գործում.և միանգամ էլ փրկեց շահի կյանքը; Որպես երախտագիտություն, շահը նրան նշանակեց Գիլանի նահանգապետ, Ահա այդ տարիներին նա իր զարմիկին , Ալեքսանդր Մանթաշյանցի հորը հրավիրում է Թավրիզ, որտեղ նա հնարավորություն է ստանում անարգել զբաղվել առևտրով; Այս տարիներին Մանթաշյանցը հոր հետ լինում է Թավրիզում, ապա գնում է Մանչեստր՝ Անգլիա որպիսզի կազմակերպի մանուֆակտուրային ապրանքների առաքումը Պարսկաստան, այստեղ էլ կուտակվում է Մանթաշյանցների նախնական կապիտալը;

Leave a Reply