Զորավար Անդրանիկ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | Փետրվարի 25, 2011 11:53

Փետրվարի 25-ին լրանում է զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 146-ամյակը:

Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Պատանեկան տարիներից հյուսնություն է արել, բայց տարվելով Արևմտյան Հայաստանում ծավալվող ազգային-ազատագրական շարժումներով` շուտով հյուսնի ուրագը փոխարինում է հրացանով: 1888 թ. Անդրանիկ Օզանյանն անդամագրվում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը, բայց, շուտով խզում է կապերը հնչակյանների հետ և 1894 թ. անդամագրվում նոր կազմավորված Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Հնչակյանների շարքերում էլ նա սկսում է իր հեղափոխական գործունեությունը: 1889 թ. թուրք ենիչերիի սպանության մեղադրանքով ձերբակալվում է, սակայն հաջողվում է փախչել բանտից ու շարունակել պայքարը: Անդրանիկը շուտով միանում է Աղբյուր Սերոբի խմբին և հիմնականում զբաղվում Արևմտյան Հայաստան զենք-զինամթերքի առաքմամբ ու ֆիդայական խմբերի զինմամբ: 1895-ից նա ակտիվ ֆիդայական կյանք է վարում, աչքի է ընկնում բազում մարտերում: Անդրանիկի տաղանդն այն էր, որ ճիշտ և ժամանակին էր կողմնորոշվում տեղանքում, հմտորեն, արագ տեղաշարժվելով` կարողանում էր իր ջոկատը տեղաբաշխել այնպես, որ թշնամու քանակական գերակայությունը չեզոքանում էր: Նա անչափ քաջ ու խիզախ էր, նաև վճռական ու խիստ:

1899 թ. Բշարե Խալիլի կողմից Աղբյուր Սերոբի սպանությունից հետո Անդրանիկ Օզանյանն ընտրվում է Երկրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ: Անդրանիկի առաջին գործը եղավ Բշարե Խալիլի ահաբեկումն ու սպանությունը, որով նա փառքի ու անվան արժանացավ ոչ միայն հայերի, այլև թուրքերի ու քրդերի շրջանում, որոնք նրան կնքեցին «փաշա» անունով:

Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Առաքելոց վանքի կռիվը: Նա, իր շուրջը հավաքելով ֆիդայիներին, ամրացավ վանքում և կռվի դրոշ բարձրացրեց: Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել ընդամենը 30 ֆիդայիներին, որոնք ձմեռային մի գիշեր ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:

1904 թ. Անդրանիկը ղեկավարեց Սասնո ապստամբությունը: Ապստամբության պարտությունից հետո սկիզբ առավ նրա հակամարտությունը ՀՅԴ-ի հետ: ՀՅԴ բյուրոն որոշում է մինչ նոր ապստամբության նախապատրաստումը, նոր կոտորածների առիթ չտալու համար, բոլոր զինյալներին հանել երկրից և այնտեղ թողնել միայն Գևորգ Չաուշին` փոքր խմբով: Անդրանիկը, որ նաև փառատենչ ու հավակնոտ էր, ընդվզում է դաշնակցության դեմ և հեռանում ՀՅԴ շարքերից: 1906 թ. նա հրատարակեց իր «Մարտական հրահանգները»:

1912 թ. Անդրանիկը կրկին փայլեց իր ռազմական հանճարով, այս անգամ` սկսված Բալկանյան երկրորդ պատերազմում, երբ Գարեգին Նժդեհի հետ հայ կամավորական զորաջոկատ կազմեց ու նետվեց պատերազմի թուրքերի դեմ: Իր զորաջոկատով Մարիցա գետի ափին ջարդելով թուրքական մեծաքանակ բանակը` նա Բուլղարիայի կառավարության կողմից արժանացավ բարձրագույն պարգևի` «Ոսկե խաչի»:

Առաջին աշխարհամարտի առաջին իսկ օրերից Անդրանիկը նետվեց Կովկասյան ճակատ: Նա գլխավորեց հայկական առաջին կամավորական ջոկատը: Աչքի ընկավ Բիթլիսի, Մուշի, Վանի մատույցներում: Բայց այս պատերազմում Անդրանիկին հռչակ բերեց հատկապես Դիլմանի ճակատամարտը. 1915 թ. ապրիլին ծանր դրության մեջ գտնվող ռուսական բանակն այստեղ հաղթանակ տարավ բացառապես Անդրանիկի ջոկատի քաջության և հրամանատարի հմտության շնորհիվ: Գնահատելով Անդրանիկի ծառայությունները` ռուսական գլխավոր շտաբը նրան ներկայացրեց գեներալ-մայորի կոչման:

1917 թ.` ռուսական բանակի քայքայումից հետո, ռազմաճակատում մեծ ճեղքվածք առաջացավ, և արևելահայության գլխին կախվեց կոտորածի սպառնալիքը: Ռուսական Ժամանակավոր կառավարությունը ձեռնամուխ եղավ հայկական կամավորական ջոկատների վերակազմավորմանը: Կազմվեց Հայկական կորպուս, Հայոց ազգային խորհրդի համաձայնությամբ ընդհանուր հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկովը: Դրանից հետո ավելի սրվեցին Անդրանիկի հարաբերությունները ՀՅԴ-ի և անձամբ Նազարբեկովի հետ: Անդրանիկը, լինելով փառատենչ ու հավակնոտ, իրեն էր տեսնում Հայկական կորպուսի հրամանատարի պաշտոնում: Նա հաճախ էր իր ելույթներում ծաղրում Նազարբեկովին` շեշտելով, որ վերջինս համարվում է հայոց սպարապետ, բայց չի տիրապետում մայրենիին: Նա նաև հեգնում էր Նազարբեկովի ունակությունները: Հանուն ճշմարտության պետք է փաստել, որ Անդրանիկն իրավացի չէր. Նազարբեկովը ոչ միայն մեծ հայրենասեր էր, այլև արհեստավարժ զինվորական և 1904 թ. ռուս-ճապոնական պատերազմի հերոս:

Անդրանիկը, սակայն, ավելի հեռուն գնաց: Չկարողանալով հանդուրժող լինել և այդ ծայրահեղ ծանր ժամանակամիջոցում միանալ ընդհանուր պայքարին` լուրջ սայթաքումներ ունեցավ: 1918 թ. մայիսին, երբ Ղարաքիլիսայում հայկական փոքրաթիվ ջոկատներն ու աշխարհազորը կյանքի ու մահու կռիվ էին տալիս թուրքական բանակի դեմ, Անդրանիկը, իր մարտունակ ջոկատով գտնվելով մոտակայքում` Դսեղում, կռվի դուրս չեկավ: Եվ թուրքերը, կոտրելով հայկական ուժերի դիմադրությունը, իսկական նախճիր սարքեցին Լոռիում: Ազատագրելով Նախիջևանը թուրքերից` նա այն հռչակեց «Բաքվի կոմունայի» անբաժան մաս: Սակայն սրանով Անդրանիկի ձախողումները չավարտվեցին: Երբ ՀՀ կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան, Անդրանիկը հավակնում էր զբաղեցնելու զինված ուժերի նախարարի պաշտոնը: Նրան մերժեցին: Եվ Անդրանիկը դարձյալ ըմբոստացավ: Մեծ սկանդալ էր հասունանում: Անդրանիկին կարգի բերելու համար արտակարգ լիազորություններով կառավարությունը Էջմիածին` նրա դեմ ուղարկեց Սեպուհին: Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի միջամտության շնորհիվ Անդրանիկը ստիպված հանձնեց զենքը և հեռացավ հայրենիքից:

Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին,: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի  աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 6074 անգամ:
Print Friendly

Leave a Reply