Ամերիկահայերի կատարած հայտնագործությունները` ի նպաստ Ամերիկայի և համայն մարդկության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | Հունվարի 24, 2011 7:30

2009 թ. ապրիլի 24-ին ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չարտասանեց այդքան սպասված «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը` փոխարինելով այն «Մեծ եղեռն»-ով: Սակայն իր խոսքի մեջ ասաց հետևյալ նախադասությունը. «ԱՄՆ-ն ավելի հարուստ երկիր է դարձել հայկական ծագումով բազմաթիվ ամերիկացիների ներդրումների շնորհիվ…»:

Ամերիկահայ հայտնի հեռուստալրագրող, հրապարակախոս Ստեփան Փարթամեանը 2009 թ. հրատարակեց մի գիրք` «Yes, we have» (Այո, մենք արել ենք) վերնագրով և նախաբանում ներկայացնելով Օբամայի այդ խոսքերը` գրքում զետեղեց հարյուրից ավելի օրինակ, թե ինչ օգուտ են տվել Ամերիկային հայերը:

Գրքում ներկայացված են գյուտարարներ, գիտնականներ, մշակութային ու հասարակական գործիչներ: Այդ ամենը հագեցած է ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից հաստատված գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներով ու գրանցման տարեթվերով,  ինչն ավելի է բարձրացնում գրքի նշանակությունը:

Ըստ Փարթամեանի` իր ձեռքի տակ մոտ 1000 տվյալ կա, սակայն գրքում  զետեղել է միայն 124-ը:

Գրքի հենց առաջին էջում հեղինակը ներկայացրել է առաջին հային, ով Ամերիկա է եկել 1618 թվականին` Ամերիկայի ստեղծման առաջին օրերին: Անգլիական մի ընկերություն, որ գնել էր ամերիկյան հողատարածքներ և պատրաստվում էր մետաքսի գործ զարգացնել, այդ հային` որպես մետաքսագործի, բերել էր Պարսկաստանից:

Բայց հետաքրքիր փաստերը դեռ առջևում են. պարզվում է, որ 1911 թ. պաշտոնապես գրանցված մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը պատկանում է ամերիկահայ Գաբրիել Քազանջյանին:

Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծողը նույնպես հայ է. 1854 թ. Ստամբուլից Ամերիկա է հրավիրվում մի խելացի երիտասարդ քիմիկոս` Քրիստափոր Տեր-Սերոբյանը: Նա ստեղծում է մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստանում է 6000 դոլար, որով շարունակում է ուսումը, դառնում դեղագործ և կրկին վերադառնում Ստամբուլ:

Բանկոմատի գյուտը նույնպես հայի  մտքի արգասիք է`  Լյութեր Սիմիջյանի, որ և՛ թղթադրամի, և՛ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը արտոնագրում է 1960-ականներին:

Իսկ առաջին կոսմետիկ վիրահատությունը կատարել է ամերիկահայ վիրաբույժ Վարազդատ Քազանջյանը` 1914 թ.:  Նա եղել է ատամնաբույժ և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի կողմից մեկնել ռազմաճակատ, որտեղ վիրաբուժական 2000 գործողություն է կատարել: Պատերազմից վերադառնալով` նա ուսումնասիրել է դրանք, Հարվարդի համալսարանում ստեղծել համապատասխան բաժանմունք և պատրաստել առաջին կոսմետիկ վիրաբույժներին:

Հայ գիտնականների դերը բժշկության ոլորտում միայն դրանով չի սահմանափակվում: Օրինակ` 1977 թ. Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, իսկ Ռեյմոնդ Դամադյանը ստեղծել է միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սքաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:

Մի շարք նշանավոր գյուտերի հեղինակ է ամերիկահայ Օսկար Բենքերը` Ասատուր Սարաֆյանը, որի ստեղծած գյուտերը իսկական հեղաշրջում են մտցրել տեխնիկայի բնագավառում: Օրինակ` նա է ինքնաշարժների ավտոմատ փոխանցման տուփի, ինչպես նաև  բենզինային պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերի հեղինակը: Նրա հանճարեղ մտքի արգասիքն  են նաև ուղղաթիռի տրանսմիսիայի` հանրահայտ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը և բազմագույն տպիչ սարքը, որոնք ԱՄն-ի կառավարության կողմից անչափ բարձր են գնահատվել:

Ստեփան Ստեփանյանին է պատկանում բեռնատարի թափքի բետոնախառնիչի գաղափարը, որը մեծ նշանակություն է ունեցել շինարարության զարգացման համար:

1944  թ. Արթուր Բուլբուլյանն արտոնագրում է օդաչուների համար նախատեսված թթվածնային դիմակի գյուտը: Փարթամեանը պատմում է, որ այս գրքի հրատարակումից հետո իրեն է զանգահարել մի տարեց օդաչու և ասել, որ միշտ ուզել է իմանալ, թե ինչու է այդ դիմակի վրա գրված «Բուլբուլյան»:

Հանրահայտ է նաև նշանավոր Ալեք Մանուկյանի գյուտը` ջրի ծորակը, որից կարող է և՛ տաք, և՛ սառը ջուր հոսել:

Բոլորիս քաջ հայտնի, խմիչքների և հյութերի համար նախատեսված ճկուն անկյունով  ձողիկների ստեղծողը  նույնպես հայ է` Արտաշես Հայկանյանը:

Հաշմանդամների խնդիրները թեթևացնող մի շարք գյուտերի հեղինակ է Էմիկ Ավագյանը, որ ի ծնե եղել է հաշմանդամ (մարմնի բոլոր մասերն անաշխատունակ են եղել): 1961 թ. ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է հաշմանդամների խնդիրների լուծման գործում մեծ ներդրումների համար: Նա է ստեղծել, օրինակ, ձեռքով աշխատող անվասայլակները:

Փարթամեանն իր գրքում ներկայացրել է նաև Արշիլ Գորկուն` որպես աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր. դա  արվեստի միակ ուղղությունն է, որ ծնվել է ոչ թե Եվրոպայում, այլ Ամերիկայում: Նա ներկայացրել է նաև Սարոյանին` որպես ամերիկյան գրականության կարևորագույն անհատներից մեկի, Քրք Քրքորյանին, Սերժ Թանգյանին և մի շարք այլ հեղինակավոր հայերի, որոնք անփոխարինելի դեր են կատարել Ամերիկայի զարգացման և առաջընթացի գործում:

Ստեփան Փարթամեանը պատրաստվում է ևս մեկ գիրք հրատարակել, որը կներկայացնի հայերի կատարած գործերը ողջ աշխարհում, ինչպես նաև մեկ առանձին գիրք` նվիրված Թուրքիայում հայերի կատարած գործերին, որոնք մեծ նպաստ են բերել Թուրքիայի զարգացմանը:

Ի դեպ, Փարթամեանը եկել է Հայաստան՝ ընդմիշտ հայրենիքում ապրելու նպատակով: Նրա բոլոր ծրագրերը նվիրված են միայն հայկականին: Այդ ծրագրերին մենք կանդրադառնանք «Անկախի» հաջորդ հրապարակումներում:

Դիտվել է 3344 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. sofia ասում է՝

    I have got that book of Stephen from my friends that liveng in the USA is an important book for any Armenian to read and stay informed about the quality of Armenian’s that make’s the world a better place to live,
    nice dan bravo Stepan

Leave a Reply