Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման վերանայված կարգը` դժգոհությունների առիթ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | Դեկտեմբերի 8, 2010 16:23

Նոյեմբերի 24-ին Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ օրենքը և դրանից բխող ՙՊարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին՚ և ՙԵկամտահարկի մասին՚ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները: Ըստ այդմ, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հիշյալ օրենքներով գործում են ժամանակավոր անաշխատունակության` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության ու ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, նպաuտների հաշվարկման և վճարման վերանայված կարգն ու սկզբունքները: Մասնավորապես, հղիության և ծննդաբերության նպաստի դեպքում որոշակի սահմանափակում է նախատեսված. եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցի ՙՆվազագույն ամuական աշխատավարձի մաuին՚ oրենքով uահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը կհաշվարկվի նվազագույն ամuական աշխատավարձի հնգապատիկից: Բացի այդ, վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար: Մինչ այդ գործող օրենքով նպաստը տրվում էր արձակուրդի ժամանակաշրջանի օրացուցային օրերի համար:
Այս փոփոխություններն առաջացրել են հատկապես ապագա մայրերի դժգոհությունը: Նոյեմբերի 24-ին կանայք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց պարզել էին ՙՊարոն նախագահ, ե’տ կանչեք Ձեր ստորագրությունը՚, ՙԱմո’թ, բյուջեն լցնում են հայ մայրիկների հաշվին՚, ՙՈ’չ ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի փոփոխությանը՚ և նմանատիպ այլ ցուցապաստառներ` փորձելով իրենց պահանջները հասցնել նախագահին: Ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ վճռակամ են իրենց պահանջին հետամուտ լինելու հարցում:
Ի դեպ` դեկտեմբերի 7-ից պաշտոնապես ԱԺ շրջանառության մեջ է դրված օրենսդրական հիշյալ փոփոխություններին խորհրդարանում դեռևս քննարկման ժամանակ ընդդիմացած ՙԺառանգություն՚ խմբակցության հեղինակած ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ և ՙԵկամտահարկի մասին՚ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արդեն իսկ ուժի մեջ մտած ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ օրենքի` հղիության և ծննդաբերության նպաստի մասով կատարված փոփոխությունը վերադարձնել նախկին խմբագրմանը: ՙԵկամտահարկի մասին՚ օրենքում առաջարկվող փոփոխության նպատակը հղիության և ծննդաբերության նպաստները չհարկելն է` հաշվի առնելով դրանց խիստ նպատակային նշանակությունն ու երկրում հետզհետե ավելացող գնաճը: Ըստ խմբակցության տարածած հաղորդագրության, նոյեմբերի 3-ին, երբ ՀՀ նախագահի կողմից դեռևս չէր ստորագրվել հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները, ՙԺառանգություն՚-ը գրավոր նամակով դիմել էր ՀՀ Նախագահին` հորդորելով այն ետ վերադարձնել Ազգային ժողով` հղիության և ծննդաբերության նպաստի մասով կատարված փոփոխության վերաբերյալ առարկությամբ ու նախկին խմբագրմանը վերադարձնելու առաջարկությամբ: ՙՀՀ նախագահը չօգտվեց ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված այդ իրավունքից և ստորագրեց օրենքում կատարված փոփոխությունները՚,-ասված է հաղորդագրության մեջ:
ՙԺառանգության՚ հիմնավորմամբ, իրենց օրենսդրական նախաձեռնության մշակման նպատակը սոցիալական արդարության վերականգնումն է: ՙՄեր պետության առաջնային խնդիրներից մեկը ծնելիության բարձրացմանը նպաստելն է, սակայն այս օրենքի արդյունքում տեղի է ունենում ճիշտ հակառակը՚,-հայտարարում է ընդդիմադիր խմբակցությունը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2907 անգամ:
Print Friendly

Leave a Reply