Այս տարի աշակերտները գարնանային հանգիստ չեն ունենալու` լրացնելու են բացթողնված դասերը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | Փետրվարի 1, 2010 23:53

Երևանի թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասում է, որ լրացուցիչ դասաժամերն աշակերտների մոտ գերծանրաբեռնվածություն չեն առաջացնի. դեռ անցած տարի դպրոցներում ուսուցումը վեցօրյա էր

Իզաբելա Միկոյանի դպրոցական երեք երեխաներից երկուսը, որ սովորում են 7-րդ և 10-րդ դասարաններում, 2010-ի առաջին ուսումնական շաբաթը ուսանել են ծանրաբեռնված դասացուցակով (Կրթության նախարարության որոշմամբ լրացուցիչ դասերը կկազմակերպվեն փետրվարից` ուսումնական 1-ին կիսամյակի արդյունքներն ամփոփելուց հետո):

Իզաբելան ասում է, որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը զգալի էր հատկապես դստեր` 7-րդ դասարանցի Սիմայի համար: «Լրացուցիչ դասաժամերի պատճառով երեխան օրական 7 ժամ դաս պետք է անի, իսկ 7-րդ ժամն ավարտվում է ժամը 3-ին: Այդ ժամին երեխան հոգնած տուն է գալիս, էլ ի՞նչ սովորելու մասին խոսք կարող է լինել»:

Իզաբելան ասում է, որ ժամանակակից երեխաներին ծնողները համոզելով ու պարտադրելով են դասերին պատրաստում, իսկ նման հոգնածության դեպքում երեխան բոլորովին չի սովորի. «Դուստրս նաև երաժշտական դպրոց է հաճախում, մինչև երաժշտականից էլ գա, օրը կավարտվի, առանց դասը սովորելու հոգնած կքնի»:

Գրիպի համաճարակային վտանգավոր իրադրության պատճառով ԿԳ նախարարի հրամանագրով 2009-ի դեկտեմբերի 8-ից դադարեցվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը, որի պատճառով բացթողնված ծրագիրը պետք է լրացվի այս ուսումնական կիսամյակի ընթացքում:

ԿԳՆ որոշմամբ 2009-2010 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի գնահատականները կամփոփվեն հունվարի 30-ին: 1-ին դասարանցիները դասի կհաճախեն սովորական ռեժիմով, իսկ 2-րդ դասարանցիները բաց թողած դասերը կլրացնեն գարնանային արձակուրդների հաշվին: 3-11-րդ դասարանցիները բաց թողնված դասերը լրացնելու համար գարնանային արձակուրդներին դասի հաճախելուց բացի կունենան նաև լրացուցիչ դասաժամեր. 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող դպրոցները մինչ բացթողածը լրացնելը կաշխատեն նաև շաբաթ օրերին` շարժական դասացուցակով: Իսկ 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսումնական հաստատությունները դասացուցակում կավելացնեն լրացուցիչ ժամեր:
ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ օրական մեկ ժամ ավել դասաժամը աշակերտների համար չափավոր ծանրաբեռնվածություն է և առողջության համար վտանգավոր որևէ բան չկա. «5-օրյա դպրոցներում ծանրաբեռնվածություն չի լինելու, քանի որ ընդամենը շաբաթվա մեջ 6 օր պետք է դասի հաճախեն 5-ի փոխարեն: Իսկ վեցօրյայի դեպքում էլ դասացուցակին ավելացված մեկ դասաժամով ծանրաբեռնվածությունը ընդունելի կլինի` 6-օրյայի սովորական դասացուցակը 5-օրյայի համեմատությամբ թեթևացված է: Բնականաբար, ընդունելի ծանրաբեռնվածության դեպքում չի տուժի նաև կրթության որակը»:

Պատմության դասաժամ Երևանի թիվ 132 դպրոցում. աշակերտներն ինտենսիվ կերպով լրացնում են բաց թողած դասերը

Հովաննիսյանն ասում է, որ դպրոցներում հաճախելիությունը բարձր մակարդակի վրա է, 1-ին շաբաթվա ընթացքում աշակերտների 90-95 տոկոսը ներկա է եղել:

Որոշ դպրոցներում ուսումնական 1-ին շաբաթը կազմակերպվել է ծանրաբեռնված ռեժիմով: Այդպիսի դպրոցներից էր նաև Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ուսուցչուհի Էլմիրա Խաչատրյանը նշում է, որ 1-ին շաբաթը 7-րդ ժամին աշակերտներն արդեն հոգնած էին լինում, ուսումնական նյութի վրա մեծ դժվարությամբ էին կենտրոնանում:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասում է, որ փետրվարի մեկից կանցնեն 6-օրյա ուսուցման` դեկտեմբերին բաց թողնված 2 շաբաթների ուսումնական ծրագիրը լրացնելու համար: Այդ նպատակով կօգտագործվեն նաև գարնանային արձակուրդները:
«Աշակերտները ծանրաբեռնվածություն չեն ունենա, քանի որ դեռ անցած տարի դպրոցներում ուսուցումը 6-օրյա էր,- ասում է Խոսրովյանը,- աշակերտների համար որևէ դժվարություն չի ներկայացնի նախկին ռեժիմով 1-2 ամիս ուսուցումը»:

Խոսրովյանի կարծիքով գարնանային արձակուրդներ չունենալն էլ չի անդրադառնա աշակերտների ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա. «Դեկտեմբերին 2 շաբաթ լավ հանգստացել ենք»:

Դպրոցականները բաց թողած դասերը պետք է լրացնեն գարնանային արձակուրդների և լրացուցիչ դասաժամերի հաշվին

Հոգեբան Մարիամ Դիլբանդյանի կարծիքով, սովորականից ավելի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է բացասական անդրադառնալ կրտսեր և միջին տարիքի դպրոցահասակ երեխաների վրա: Իսկ ավագ դպրոցի համար օրական 6-7 դասաժամ (45 րոպեանոց) ունենալը տանելի ռեժիմ է: «Հատկապես բարձր դասարանցիները, ովքեր սովոր են ինտենսիվ պարապելուն, նման ռեժիմով դասերից որևէ խնդիրներ չեն ունենա»,- ասում է Դիլբանդյանը:

Կրտսեր տարիքի դպրոցականների մոտ, ըստ Դիլբանդյանի, նյարդային համակարգը դեռ կայուն չէ և ծանրաբեռնվածությունը բացասական կանդրադառնա նրանց վրա:

Դեռահասների մոտ էլ, հոգեբանի խոսքերով, ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է, նրանց բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունները, կոնֆլիկտային իրավիճակների սրացումը. «Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի է նպաստում անկայուն իրավիճակի ստեղծմանը: Նրանց համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար պետք է կազմակերպվեն հանգստացնող վարժություններ»,- ասում է Դիլբանդյանը:

Լուսանկարները`
Հայկ ԲԱԴԱԼՅԱՆԻ

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply